Ի՞նչ է նշանակում լինել տղամարդ: Պարան քաշելու խաղի նման՝ այս հարցը ձգում են հանրային ուղերձների ու խոսույթի մեծ մասը վերահսկող երկու կողմերը:
Առաջին կողմում մարդիկ են, ովքեր դժգոհում են երիտասարդների չափազանց «փափուկ» լինելուց. նրանք պետք է դադարեն նվնվալ, կուլ տան իրենց զգացմունքներն ու հույզերը (բացի զայրույթից, իհարկե) և սկսեն «տղամարդկանց պես վարվել»։ Մյուս կողմում մարդիկ են, ովքեր պնդում են՝ տղամարդուն բնորոշ բոլոր ավանդական վարքագծերը «թունավոր» են և դրանք պետք է դեն նետել:
Այս՝ իրար հակադիր հայտարարություններում բացակայում է տղամարդու ինքնության ավելի նրբերանգ և անհատականացված ձևի քննարկումը, որը կհամապատասխանի տղամարդկանցից յուրաքանչյուրի անհատական հուզական կարիքներին:
Եվ դա այն է, ինչն օդի ու ջրի պես անհրաժեշտ է այսօր՝ տղամարդ լինելու համար: Իրականության մեջ պակասում է այն ազատությունը, որը կօգնի Ինձ ու Քեզ հարմարեցնել և ապրեցնել Իմ ու Քո՝ տղամարդու ինքնությունը, որտեղ ստիպված չենք լինի զոռով հագնել այն, ինչը կա կախիչին:
Մեր զգեստապահարանում բոլորիս անհրաժեշտ կարևոր բանը հուզական կայունությունն է, որի մասին մենք հաճախ մոռանում ենք:
Ժամանակակից կյանքի բոլոր սթրեսներն ու շեղելու ներուժ ունեցող գործոնները դժվարացնում են երկխոսություն պահպանելը մեր ներքին «Ես»-ի հետ. ո՞վ եմ ես և ո՞վ եմ ուզում լինել:
Տղամարդկանց համար ինքնության շուրջ կռիվն ավելի գայթակղիչ է դարձնում մեր իսկ առնականության մասին խորը, հետախուզական մտքեր արտահայտելը: Բայց եթե երբևէ եղել է ժամանակ, երբ մենք կարիք ենք ունեցել մտածելու, վերագնահատելու և վերաիմաստավորելու՝ ինչ է նշանակում լինել տղամարդ, այն հիմա է:
Ինչու՞ հիմա: Մեզնից շատերը ճգնում են, ջանք են թափում և պայքարում:
Նույնիսկ եթե մենք այլևս չթաքցնենք մեր իրական զգացմունքները և այլևս ագրեսիվ չարձագանքենք, երբ մեր առնականությունը վտանգի մեջ է (թվում է՝ հարձակվում են, թվում է՝ կասկածի տակ են դնում իմ այսպիսին լինելը), շատ տղամարդիկ դեռ ակամայից կառչում են հին՝ չգրված օրենքների մնացորդներից, որոնք այլևս մեզ չեն ծառայում:
Մենք, իհարկե, դեռ կարող ենք հավատալ, որ պետք է հնարավորինս խուսափենք օգնություն խնդրելուց (դիմենք միայն ծայրահեղ դեպքերում) և մեր վախերի, տխրության կամ զգացմունքային մեկուսացման մասին ամաչենք խոսել։
Բայց, ի վերջո, հեղինակավոր և հանրության մեջ ծանրակշիռ տղամարդիկ՝ թե՛ մեր և թե՛ միջազգային փոփ մշակույթի ինքնավստահ և թիկնեղ հերոսները (սիրելի ֆուտբոլիստները, դերասանները, երգիչները և այլն) չեն անում այդ բաները, չէ՞:
—
Ես շատ բան եմ շարունակում սովորել այն մասին, թե ինչ է նշանակում լինել տղամարդ:
Կան շատ, և ես նկատի ունեմ ՇԱՏ մարդիկ, որոնք ցանկանում են ինձ ասել, թե ինչ է նշանակում լինել տղամարդ: Նրանք պատկերացում անգամ չունեն, թե ինչի մասին են խոսում:
Եթե կարիք ունես մեկնարկային կետի, ահա այն․ համարի՛ր և սարքի՛ր հեքիաթ այն ամենի առնվազն 90%-ը, ինչ դու լսում ես մարդկանցից առնականության մասին: Դրանից հետո ամենայն հավանականությամբ քեզ հարկավոր կլինի հրաժարվել անիմաստ «առնա-սննդակարգից» և առնակարգից, որով դու կերակրվել ես:
Որքան ես ավելի շատ եմ կապվում իմ առնական ինքնության հետ, ավելի շատ եմ հասկանում, որ այս թեմայով խոսող մարդկանց մեծամասնությունը պարզապես եսասեր է:
Որքան ես ավելի շատ եմ կապվում իմ առնական ինքնության հետ, ավելի շատ եմ զգում, որ ես երջանիկ եմ: