Սեռական հարաբերություններ

Սեր և մտերմություն:
Սեռական հարաբերությունների տեսակները:
«Համաձայնություն»-ը սեռական հարաբերություններում:

Սեր և մտերմություն

Սիրելը և սիրված լինելը հարստացնում են մեր կյանքը: Երբ մարդիկ մտերիմ են, ավելի երջանիկ և առողջ են: Սերն օգնում է մեզ արժևորված, հասկացված և ապահով զգալ: Սիրո դրսևորումները տարբեր են: Միմյանցից տարբերվում են ծնողների հանդեպ սերը, լավագույն ընկերոջ, զուգընկերոջ և այլոց հանդեպ սերերը:

Ռոմանտիկ սիրո զգացումը զարգանում է դեռահասության շրջանում: Դեռահասներն իրենց մեջ նկատում են կրքոտ զգացմունքներ այլոց հանդեպ, որն անձնային աճի և զարգացման բնական մաս է: Այս նոր զգացմունքները կարող են հետաքրքիր և նույնիսկ շփոթեցնող լինել: 

Սիրո զգացողության բաղադրիչներ են.

  • ձգողության զգացումը․ երբ հետաքրքություն է առաջանում միմյանց հանդեպ. սա սիրած մարդուն համբուրելու, գրկելու ցանկությունն է և նույնիսկ նրա կողքին գտնվելիս հուզվելը:
  • մտերմության զգացումը, որը զարգանում է, երբ զուգընկերոջ հետ կիսում ենք մեր այն մտքերն ու զգացմունքները, որոնք չենք կիսում այլոց հետ: Աառաջացնում է վստահություն, հոգատարություն զուգընկերոջ հանդեպ:
  • նվիրվածությունը․ երբ զուգընկերները որոշում են միասին մնալ՝ անկախ որևէ հնարավոր մարտահրավերից, որ պատահում է կյանքի ընթացքում:

Սիրո այս երեք բաղադրիչները կարող են տարբեր հարաբերություններում տարբեր կերպ զուգակցվել: Մեկը կարող է մտերմություն զգալ, բայց ձգողություն չզգալ իր լավագույն ընկերոջ հանդեպ, կարող է կիսել անձնական փորձը և ներքին զգացմունքները, բայց ռոմանտիկ հետաքրքրություն չունենալ և այլն: Հարաբերությունները կարող են զարգանալ տարբեր կերպ և տարբեր արագությամբ: Կարևորն այն է, որ զույգերի միջև լինեն փոխադարձ հարգանք, վստահություն և հաղորդակցություն ինտիմ հարաբերություն սկսելուց առաջ: Այս պարագայում հավանականությունը փոքր է, որ զույգը խոցելի կդառնա և կենթարկվի արտաքին խոչընդոտների: 

Անձնական հարաբերություններ սկսելուց առաջ ընկերանալն ունի առավելություններ: Զուգընկերները մտերմանում են, երբ սովորում են հավասարապես տալ և ստանալ հարաբերություններում, բաց արտահայտել իրենց զգացմունքները, երազանքները, նախընտրությունները, ուժեղ և թույլ կողմերը, վախերը, հիասթափությունները, մտքերն ու անհանգստությունները: Նրանք միմյանց լսում են ու աջակցում, չեն վիրավորում, երբ համակարծիք չեն: Երբ անձը սիրահարվում է, ամբողջ ժամանակը սիրելիի հետ անցկացնելու ցանկություն է ունենում, բայց շատ կարևոր է առանձին ժամանակ ունենալը: Դա թույլ է տալիս ունենալ առողջ հարաբերություններ նաև ուրիշների հետ:

Սեռական հարաբերություններ
Սեռական հարաբերություն ասելով՝ մարդիկ սովորաբար նկատի ունեն հեշտոցային սեռական հարաբերությունը, սակայն կան սեռական հարաբերության այլ տեսակներ ևս: Սեռական հարաբերությունները կարող են սկսվել միմյանց սեռական օրգանները շոշափելուց, ինչը նույնպես ինտիմ հարաբերություն է, և սկսելուց առաջ պետք է պատրաստ լինել: 

Կարող է դժվար լինել հասկանալը, թե երբ ես պատրաստ սեռական կյանք սկսել, քանի որ մարմինդ կարող է պատրաստ լինել այն դեպքում, երբ միտքդ դեռ լիովին պատրաստ չէ. ֆիզիոլոգիական պատրաստվածությունը դեռ չի ենթադրում հոգեբանական պատրաստվածություն: Դու կարող ես ունենալ ռոմանտիկ զգացմունքներ զուգընկերոջ հանդեպ, ինչը բնական է, բայց պետք է նաև լսել ու հասկանալ սեփական զգացողություններն ու մտքերը համոզվելու համար, որ իրոք ժամանակն է: Եթե նյարդայնացած ես կամ չես կողմնորոշվում, կարևոր է ժամանակ հատկացնելը, սպասելը, մինչև վստահ կլինես և կկարողանաս նման որոշում կայացնել: Հաճախ շտապելով, անտեսելով զգուշավորությունը՝ երիտասարդները կարող են ունենալ չպաշտպանված սեռական հարաբերություններ, որոնց հետևանքը կարող են լինել սեռավարակները, անցանկալի հղիությունը և դրանց առաջացրած բարդությունները: Այդ իսկ պատճառով կարևոր է շատ զգույշ լինել սեռական հարաբերություններում և լիարժեք պաշտպանության համար օգտագործել պահպանակ:

Առանձնացվում են սեռական հարաբերության հետևյալ տեսակները.

  • Հեշտոց-առնանդամ, որը կարող է լինել կնոջ և տղամարդու միջև: Այս հարաբերության ընթացքում առնանդամը ներթափանցում է հեշտոց: Շատ կանայք և տղամարդիկ կարծում են, որ առաջին սեռական հարաբերության ժամանակ պետք է կինը ցավ զգա կամ անպայման պետք է արյունահոսի, բայց դա այդպես չէ: Եթե կինը բավական գրգռված է սեռապես, ապա նրա հեշտոցում բնական հեղուկ է արտադրվում, և այն փոքր-ինչ լայնանում է, որը հարաբերությունն ավելի նուրբ և անցավ է դարձնում: Սա սեռական հարաբերության միակ տեսակն է, որի արդյունքում կինը կարող է հղիանալ:
  • Առնանդամ-հետանցք, որի ընթացքում առնանդամը ներթափանցում է հետանցք: Կարևոր է նշել, որ այս հարաբերության ընթացքում սեռավարակների ձեռքբերման հավանականությունն ավելի բարձր է, քանի որ հետանցքն ունի նուրբ նյարդային վերջույթներ և պատեր, որոնք կարող են հեշտ պատռվել: Այս տեսակի հարաբերության ընթացքում կարևոր է օգտագործել կրկնակի խոնավացնող հեղուկով պատրաստված պահպանակ, և լավ է սկզբից փորձել ներթափանցել մատով, այնուհետև՝ առնանդամով, որպեսզի հետանցքի պատերը լայնացած լինեն:
  • Բերան-սեռական օրգաններ. սա տարբեր հասարակություններում զզվելի կամ անբարոյական թվացող հարաբերություն է, սակայն յուրաքանչյուր մարդու անձնական որոշումն է ունենալ նման հարաբերություն, թե ոչ: Իրականում սեռական օրգանները բավականին մաքուր են, քանի որ քիչ են շփվում արտաքին աշխարհի հետ, և ճիշտ հիգիենայի պահպանման պարագայում որևէ տհաճություն չի կարող առաջանալ: Նման հարաբերության ժամանակ կարելի է խոսել տղամարդ զուգընկերոջ հետ որոշելու համար՝ սերմնաժայթքումը բերանում լինի, թե ոչ, կամ օգտագործեն արդյոք համապատասխան պահպանակ, թե ոչ: Այս հարաբերության համար կարևոր է հիշել, որ չպետք է նախապես խոզանակել ատամները, քանի որ լնդերի երկայնքով կարող են ճեղքվածքներ առաջանալ, ինչը կարող է ավելացնել սեռավարակի փոխանցման հավանականությունը:
  • Հետանցք-բերան հարաբերություն. սա նույնպես հարաբերության այն տեսակն է, որը կարող է տհաճ կամ զզվելի թվալ, բայց տվյալ անձի որոշումն է՝ ունենալ նման հարաբերություն, թե ոչ, և կարևոր է զուգընկերոջ համաձայնությունը: Նման հարաբերություն ունենալուց առաջ կարևոր է արտաքնապես լվացվել:
  • Պետինգ, որն ինքնին սեռական հարաբերություն չէ․ սա սեռական օրգանների շփումն է, շոյումը: Պետինգը լավ հնարավորություն է այն զույգերի համար, որոնք դեռևս չեն որոշել սեռական հարաբերություն ունենալ, բայց ցանկություն ունեն միասին որևէ բան փորձելու: Պետինգ կարելի է իրականացնել ինչպես մերկ, այնպես էլ հագնված:

Սեռական հարաբերությունների բոլոր տեսակներն էլ բնական են և ընդունելի, եթե դու ինքդ ես հանգիստ վերաբերվում դրանց: Շատ կարևոր է հիշել, որ ցանկացած տեսակի հարաբերությունից առաջ պետք է պատրաստ զգաս թե՛ ֆիզիկապես, և թե՛ հոգեպես: Եթե համոզված չես կամ անհանգիստ ես, ապա կարևոր է հետաձգել սեռական հարաբերությունը: Միշտ հիշի՛ր, որ վերջնական որոշումը քոնն է, և եթե որոշել ես, ապա կարևոր է նաև գիտակցել բոլոր հետևանքները, ինչպիսիք են սեռավարակներն ու անցանկալի հղիությունը: Եթե որոշել ես չունենալ սեռական հարաբերություն, ապա զուգընկերդ պետք է հարգի քո որոշումը:  

«Համաձայնություն»-ը սեռական հարաբերություններում 

Համաձայնությունը զուգընկերների/մասնակիցների միջև գիտակցված և ողջախոհ պայմանավորվածություն է սեռական ակտիվության մեջ կամավոր ներգրավվելու կամ դրա ընթացքում որևէ գործողության վերաբերյալ:

Համաձայնության մեջ կարևոր է որոշում կայացնելու, ընտրելու ազատության և կարողության հանգամանքը: Սրա մասին խոսելիս կարևոր է հաշվի  առնել.

  • տարիքը, գիտակցության աստիճանը,
  • տեղեկացվածությունը գտնվելու վայրի, նպատակի վերաբերյալ,
  • կողմերի միջև հարաբերությունների պատմությունը, առանձնահատկությունը, 
  • ուժի դերակատարումը, բաշխվածությունը, 
  • անօգնականության վիճակը,
  • ալկոհոլի, թմրանյութի, թունանյութի օգտագործման աստիճանը և այլն:

Համաձայնությունը պետք է լինի ամեն անգամ, ցանկացած տեսակի գործողության շուրջ: Շատ կարևոր է զուգընկերոջ հետ քննարկել սահմաններն ու սպասելիքները նախքան սեռական բնույթի որևէ գործողության անցնելը: Դա ենթադրելու է դրական, միանշանակ և կամավոր համաձայնություն սեռական հարաբերությանը հանգեցնող հստակ նախաձեռնված սեռական որևէ գործողության մեջ ներգրավվելու համար:

Համաձայնությունը ցուցադրվում է փոխըմբռնելի բառերով և/կամ գործողություններով, որոնք հստակորեն ցույց են տալիս սեռական գործողությամբ զբաղվելու պատրաստակամություն. բանավոր «այո»-ն կամ այլ վերբալ արտահայտումը ազատ ընտրության մասին են խոսում, ուստի լռությունը, դիմադրության կամ սեռական գործողության վերաբերյալ ակտիվ արձագանքի բացակայությունը չեն վկայում համաձայնության մասին: Ենթադրությունները՝ հիմնված ենթատեքստային գործոնների վրա (օրինակ՝ հագուստը, ալկոհոլի օգտագործումը կամ պարելը), անհիմն են և չպետք է դիտվեն որպես համաձայնության նշան: Թեև համաձայնությունը չպետք է միայն բանավոր լինի․ բանավոր հաղորդակցությունը դրան հասնելու ամենահուսալի ձևն է, որը ենթադրում է փոխադարձ պատրաստակամություն և հարգանք: 

Պետք է հիշել, որ մեկ անգամ սեռական գործողությանը համաձայնություն տալը դեռ չի նշանակում, որ զուգընկերը համաձայնել է մշտապես լինել սեռական կապի մեջ կամ անցնել այլ գործողությունների: Օրինակ՝ համբուրվելու համաձայնությունը դիմացինին թույլ չի տալիս ենթադրել, որ տվյալ անձը պատրաստ է նաև սեռական հարաբերություն ունենալու, կամ մեկ անգամ սեռական հարաբերություն ունենալը դեռ չի նշանակում, որ նա պատրաստ է դրան նաև ապագայում:

Դու և դիմացինդ կարող եք փոխել ձեր միտքը ամեն պահի
Անձը կարող է չեղարկել համաձայնությունը ցանկացած պահի: Դա անելու լավագույն միջոցը զուգընկերոջ հետ հստակ քննարկելն է, որ այն, ինչ կատարվում է, իր համար անհարմար է, և ցանկանում է այն դադարեցնել: Համաձայնությունը երբեմն դժվար է չեղարկել վերբալ տարբերակով, սակայն դա չի նշանակում, որ ոչ վերբալ եղանակով ցույց տրված ցանկությունը պակաս արժեքավոր է:

Կարևոր է հիշել, որ որոշ մարդիկ չեն կարող սեռական գործողության վերաբերյալ համաձայնություն տալ ալկոհոլի, թմրանյութերի, այլ նյութերի ազդեցության տակ, անգիտակից, քնած կամ անօգնական վիճակում գտնվելու, սեռական ակտիվության տեղի ունենալու մասին տեղյակ չլինելու պարագայում: Կարևոր է նաև հաշվի առնել տվյալ անձի տարիքը և գիտակցված համաձայնություն տալու նրա ունակությունը: Անօգնական վիճակում անձը չի կարող դիմադրություն ցույց տալ կամ չի գիտակցում դիմադրություն ցույց տալու անհրաժեշտությունը: 

Այսպիսով՝ համաձայնություն չի կարող դիտարկվել.

  • Զուգընկերոջ «ոչ»-ը ընդունելուց հրաժարվելը, երբ այն ստացվել է նրա կողմից, ով կորցրել է գիտակցությունը, չի արձագանքում կամ ակնհայտորեն վրդովված է:
  • Հիմք ընդունելով այն, որ որոշակի հագուստ կրելը, սիրախաղը կամ համբուրվելը այլ գործողության հրավեր է:
  • Եթե այն տրվել է անձի կողմից, ով ունի սեռական հարաբերության  ունենալու՝ պետության կողմից սահմանվածից ցածր տարիք:
  • Եթե այն ստացվել է որևէ մեկի կողմից, ով չի կարող գիտակցված համաձայնություն տալ թմրանյութի/թունանյութի, ալկոհոլի ազդեցության տակ:
  • Համաձայնությունը, որը ստացվել է սպառնալիքի կամ վախի հետևանքով:
  • Եթե կատարվել են սեռական բնույթի գործողություններ՝ հիմք ընդունելով նախկին փորձը: