Հասունացում
Սեռական օրգանների կառուցվածք, սեռական հասունացման շրջանում կատարվող փոփոխություններ, ձեռնաշարժություն: Դեռահասության, պատանեկության և հասունության (չափահասությա՞ն միգուցե) տարիքային հոգեբանական առանձնահատկությունները:
Տղամարդու սեռական օրգանների կառուցվածքը
Տղամարդու և կնոջ սեռական օրգանները լինում են ներքին և արտաքին:
Տղամարդու արտաքին սեռական օրգաններն են.
- Առնանդամ․ բաղկացած է երկու մասից՝ սպունգաձև մարմին և գլուխ: Մի փոքր բացվածք կա առնանդամի գլխին, որտեղով օրգանիզմից դուրս են գալիս սերմնահեղուկն ու մեզը: Առնանդամի ներսի հյուսվածքը սպունգանման է, որպեսզի առնանդամը կարողանա մեծանալ ու փոքրանալ: Տղաները ծնվում են թլիփով․ դա առնանդամը ծածկող մաշկն է:
- Ամորձապարկ․ մաշկային գրպան է, որն իր մեջ կրում է մակամորձիներն ու ամորձիները: Ամորձապարկում ջերմաստիճանն ավելի ցածր է, քան մարմնի ջերմաստիճանը (մոտ 32°): Սա սերմի արտադրության համար ամենաբարենպաստ ջերմաստիճանն է: Ամորձապարկի չափը փոխվում է` ըստ ջերմաստիճանի. երբ մարմինը տաք է, ամորձապարկը մեծանում է, որպեսզի շատ չտաքանա, իսկ երբ մարմինը սառն է, ամորձապարկը փոքրանում է և պահում տաքությունը: Բացի ջերմակարգավորման ֆունկցիայից՝ ամորձապարկը նաև պաշտպանում է ամորձիները հարվածներից:
- Ամորձիներ․ տեղադրված են ամորձապարկի մեջ և արտադրում ու պահպանում են միլիոնավոր փոքրիկ սերմնաբջիջներ: Ամորձիները նաև էնդոկրին համակարգի մաս են, քանի որ արտադրում են հորմոններ, այդ թվում՝ տեստոստերոն: Ամորձիներից մեկն ավելի ցածր է մյուսից․ դա ապահովում է միմյանց չկպնելն ու վերջինիս արդյունքում չցավելը։
- Մակամորձիներ․ խողովակների փունջ է, որը միանում է սերմնածորանին:

Տղամարդու ներքին սեռական օրգաններն են.
- Սերմնածորան․ մկանային խողովակ է, որն անցնում է ամորձիների կողքով: Սերմնածորանի միջով անցնում է սերմը սերմնաժայթքումից առաջ:
- Միզուկ․ սրա միջոցով սերմն ու մեզը դուրս են գալիս առնանդամից:
- Սերմնաբշտիկներ․ սերմնաբջիջների պահեստներն են, որոնք կպած են սերմնածորանին և գտնվում են միզապարկի մոտ: Սերմնաբշտիկներն արտադրում են հեղուկ, որն ապահովում է սերմի կենսունակությունը:
- Շագանակագեղձ․ գտնվում է միզապարկի և առնանդամի միջև: Սերմնաժայթքման ժամանակ արտադրվող հեղուկը միանում է սերմին, դառնում սերմնահեղուկ և դուրս գալիս առնանդամից: Սերմնաբշտիկներն ու շագանակագեղձն էլ հենց արտադրում են այդ հեղուկը, որը միանում է սերմին և ապահովում վերջինիս կենսունակությունը:
- Միզապարկ․ այստեղ հավաքվում է մեզը:
Սեռական հասունացման շրջանում կատարվող փոփոխությունները

Սեռական հասունացումն այն փուլն է, որի ընթացքում տեղի են ունենում ֆիզիոլոգիական և հոգեբանական զգալի փոփոխություններ: Սեռական հասունացման շրջանը կարող է սկսվել 9 տարեկանից և տևել մինչև 18-20 տարեկանը:
Տղաների սեռահասունության միջին տարիք համարվում է 10-12 տարեկանը: Տղաների ամորձիներն ու ամորձապարկը սկսում են զարգանալ այս տարիքում․ սա սեռահասունացման առաջին նշանն է: Ամորձապարկի մաշկը սկսում է կարմրել և կնճռոտվել: Ամորձիները սկսում են սերմնահեղուկ և տեստոստերոն հորմոն արտադրել: Այս հորմոնը վերահսկում և պահպանում է տղամարդու սեռահասունությունը և ապահովում է առնանդամի էրեկցիան: Տեստոստերոնի ազդեցությամբ է սկսում մազածածկվել աճուկային հատվածը:
Ամորձիների փոփոխությունից մոտավորապես մեկ տարի անց սկսում է տղաների բուռն աճը` հիմնականում 13-14 տարեկանում: Առաջին մազերը արտահայտիչ են դառնում վերին շուրթի մոտ սովորաբար 14-17 տարեկանում, ապա զարգանում են բեղերը: Այս փոփոխություններից հետո մազածածկույթ է ձևավորվում սկզբում այտերի վերին հատվածում, հետո՝ ստորին շուրթի ներքևի հատվածում, այնուհետ՝ կզակի վրա, երեսի այլ հատվածներում, իսկ դեմքի ստորին հատվածում ձևավորվում է մորուքը: Ինչպես բոլոր կենսաբանական գործընթացների դեպքում, այս փոփոխությունների հերթականությունը ևս անհատական է և կարող է տարբեր կերպ ընթանալ յուրաքանչյուրի մոտ: Դեռահասության արդեն ուշ շրջանում՝ 17-18 տարեկանում, արդեն նկատելի է դեմքի զարգացած մազածածկույթը:
Դեռահասության շրջանում մարմինն ավելի շատ է քրտնում, մաշկը և մազերը դառնում են ճարպոտ, ինչը պատճառ է դառնում դեմքի, ուսերի, մեջքի վրա պզուկների առաջացմանը: Քաշը և հասակը նկատելիորեն ավելանում են, ուսերը՝ լայնանում, մեծանում է կրծքի շրջագիծը, զարգանում են մկանները: Մազածածկույթ ավելանում է ոչ միայն դեմքի, այլև ցայլքի, կրծքավանդակի և թևատակերի շրջանում, խտանում է նաև ձեռքերի և ոտքերի մազածածկույթը: Այս տարիքին բնորոշ փոփոխություն է նաև ձայնի կոշտացումը, պարանոցի վրա առավել արտահայտվում է ադամախնձորը:
16-18 տարեկանում երկարում և հաստանում է առնանդամը, ձևավորվում է սերմնահեղուկի արտադրությունը: Տղամարդկանց հասունացման ընթացքում լինում է «երազախաբություն»՝ սերմնաժայթքում, քանի որ սեռական հասունացման ժամանակ սկսում են արտադրվել սեռական հորմոններ, ձևավորվում է սերմնահեղուկ, որը դուրս է գալիս օրգանիզմից: Դա կարող է լինել քնած ժամանակ և նույնիսկ ուղեկցվել էրոտիկ երազներով, որի ընթացքում էլ կարող է տեղի ունենալ սերմնաժայթքումը: Այս տարիքում հաճախ առավոտյան կամ օրվա ընթացքում կարող է լինել առնանդամի կանգ (էրեկցիա): Երազախաբությունը սկսվում է սեռական հասունացման ժամանակ և անհատական է, մեկի մոտ այն կարող է լինել ամեն օր, մյուսի մոտ՝ ոչ հաճախ, և սա բնական է: Դա կարող է շարունակվել ամբողջ կյանքի ընթացքում և սակավանալ, երբ տղամարդը սկսի վարել սեռապես ակտիվ կյանք:
Ձեռնաշարժություն (մաստուրբացիա):
Ձեռնաշարժությունը սեփական սեռական օրգանների խթանումն է, որն արվում է հաճույքի և սեփական հարմարավետության համար: Ձեռնաշարժությունը բնական երևույթ է, որը սկսվում է փոքր տարիքից և ունենում է ինքնաճանաչման նպատակ: Երեխան կարող է ձեռնաշարժությամբ զբաղվել շաբաթական մեկ անգամից մինչև օրը մի քանի անգամ: Ձեռնաշարժությունը, սակայն, կարող է լինել ավելի հաճախ, երբ դրա համար կան հոգեբանական պատճառներ՝ վախեր, անհանգստություններ, ընտանիքում լարված մթնոլորտ և այլն:
Ձեռնաշարժությունը հաճախակիանում է դեռահասության շրջանում, երբ երեխան սկսում է ունենալ սեռական պահանջմունքներ, որոնք չի կարող բավարարել սեռական հարաբերության միջոցով: Հատկապես այս տարիքում ձեռնաշարժությունը կարևոր է, քանի որ.
- Այդ ընթացքում երեխան սովորում է ճանաչել իր մարմինը, և թե ինչպես է այն աշխատում:
- Ծնողների դրական արձագանքի պարագայում երեխան սովորում է գնահատել իր մարմինն առանց ամոթխածության:
- Կարող է օգնել քնելու խնդիրներ ունեցող երեխաներին, ինչպես նաև մեղմել երեխայի լարվածությունը:
- Կարող է սովորեցնել երեխային ճանաչել իր կարիքները, և դա հետագայում կօգնի նրան ապագա սեռական կյանքն առավել հաճելի և լիարժեք դարձնել:
Ե՞րբ է պետք անհանգստանալ և դիմել մասնագետի աջակցությանը.
- երբ ձեռնաշարժությունը կազմում է երեխայի կամ մեծահասակի առօրյայի մեծ մասը:
- երբ դա արվում է այլոց ներկայությամբ:
- երբ հասուն տարիքում չի փոխարինում սեռական հարաբերությանը, կամ անձը չի կարողանում ստանալ հաճույք սեռական հարաբերությունից, այն դեպքում, երբ ձեռնաշարժությամբ զբաղվելուց ստանում է:
Կարևոր է հիշել, որ ձեռնաշարժությունը բնական երևույթ է թե՛ տղաների/տղամարդկանց, և թե՛ աղջիկների/կանանց դեպքում: Ձեռնաշարժությամբ զբաղվելը չի սպառնում զուգընկերոջ հետ հետագա սեռական հարաբերություններին, չի առաջացնում ֆիզիկական կամ հոգեկան առողջության որևէ խնդիր:
Դեռահասության, պատանեկության և հասունության տարիքային հոգեբանական առանձնահատկությունները
Դեռահասության ճգնաժամ
Դեռահասության ճգնաժամի սկիզբն ու ավարտն անհատական են․ տատանվում է 8-ից մինչև 15 տարեկանը: Այս տարիքում ճգնաժամ է ապրում երեխայի ամբողջ օրգանիզմը, վերափոխվում է մարմինը, մեծ փոփոխություններ են կատարվում նաև հոգեկանում: Այս տարիքում նա սկսում է ընկալել իրեն որպես սեռային ակտիվության սուբյեկտ: Դեռահասների շրջանում հիմնականում դիտվում է․
- սովորելու մոտիվացիայի պակաս,
- մեծահասակ լինելու ձգտում, նոր իրավունքների պնդում,
- կոնֆլիկտ ծնողների և ուսուցիչների հետ,
- ըմբոստ վարքագիծ,
- անլիարժեքության զգացում,
- ընկճվածություն,
- տագնապներ,
- գերկենտրոնացում այնպիսի հարցերի վրա, ինչպիսիք են՝ «ո՞վ եմ ես», «ինչո՞ւ եմ ծնվել», «գեղեցի՞կ եմ, թե՞ տգեղ»։
Հաշվի առնելով սեռական հասունացման համընկնումը դեռահասության ճգնաժամի հետ՝ դեռահասները մարմնի փոփոխությունների պատճառով սկսում են կենտրոնանալ իրենց արտաքին տեսքի վրա: Այս տարիքում կարևոր գործընթաց է ինքնագիտակցության ձևավորումը, որտեղ շատ անորոշություն և շփոթ կա: Նրանց համար սկսում են մեծ դեր ունենալ հասակակիցները, որոնք էլ ազդում են դեռահասի ես-ի և ինքնագիտակցության ձևավորման վրա:
Դեռահասության ճգնաժամի բնութագրերից մեկը հասունության զգացումն է։ Դեռահասները սկսում են կարևորել իրենց հասակակիցներին, միևնույն ժամանակ կախվածություն ունեն մեծահասակներից և գիտակցում են, որ իրենք դեռ հասուն չեն շատ որոշումների և կյանքի տարբեր հարցերի լուծման համար: Նրանք սկսում են համեմատվել մեծահասակների հետ և կարծել, որ նրանցից ոչնչով չեն տարբերվում, սկսում են պահանջել, որ իրենց փոքր չհամարեն, հավակնում են նույն իրավունքներին։ Երեխան ձգտում է նմանվել մեծահասակներին՝ օրինակ՝ հաճախակի օգտագործելով ոգելից խմիչքներ, ծխախոտ, առանձնահատուկ բառապաշար, հագուստի ոճ և այլն:
Դեռահասի կյանքում կարող է մեծ ժամանակ զբաղեցնել մտերիմների մասին հոգ տանելը, մեծահասակների գործերում ներգրավվելն ու օգնելը: Սկսում են նաև արտահայտել ինչ-որ բան իմանալու և կարողանալու ձգտում։ Այս ձգտումը դեռահասին դրդում է դպրոցական ծրագրից դուրս ինքնազարգացման, ճանաչողական գործունեության։
Դեռահասության ճգնաժամի հակասությունն այն է, որ երեխան իրեն սկսում է հասուն զգալ՝ չլինելով հասուն, և արդյունքում կանգնում է իր աշխարհում տեղի, դերի և նշանակության փնտրտուքի առաջ:
Պատանեկության ճգնաժամ
Պատանեկության ճգնաժամն ունի երկու բաղկացուցիչ՝ վաղ պատանեկություն (15-17 տարեկան) և պատանեկություն (17-23 տարեկան): Քանի որ վաղ պատանեկությունը համընկնում է դպրոցի ավարտական տարիների հետ, սա այն փուլն է, երբ երեխան կանգնում է հետագա կյանքի, մասնագիտության ընտրության առջև: Սրա հետ կապված և ապագայի անորոշության, միևնույն ժամանակ մեծահասակների սպասելիքները հասկանալով է երեխայի մեջ սկսում առաջանալ վախ և անորոշություն ապագայի նկատմամբ: Այս տարիքում սկսում է աճել նաև ինքնագնահատականի հետ կապված անհանգստությունը: Հիմնական հետաքրքրությունը մասնագիտական ապագան է, նրանց ինքնորոշման հարցը, սակավ կարևոր են դառնում միջանձնային և ընտանիքի անդամների հետ հարաբերությունները, միևնույն ժամանակ նրանք սկսում են կարևորել վստահելի մեծահասակի դերը, մեծահասակների, ինչպես նաև հասակակիցների հետ շփումը՝ պահպանելով որոշակի սահմաններ: Առավել հաճախ մեծահասակին դիմում են որևէ խնդրային իրավիճակում, երբ չեն կարողանում ինքուրույն գտնել լուծումներ կամ կայացնել որոշումներ, հատկապես ապագային առնչվող: Մեծանալուն զուգընթաց մեծանում է ընկերներ ունենալու պահանջմունքը, սակայն դա բավարարելը դժվարանում է, քանի որ մեծանում են նաև պահանջները: Ընկերական հարաբերություններում հուզական լարվածությունը նվազում է, երբ առաջանում է սերը: Սիրո վերաբերյալ պատանեկան երազանքներն արտացոլում են, առաջին հերթին, հուզական ջերմության, հասկացված լինելու, հոգևոր միասնության պահանջմունքները։
Պատանեկությանը բնորոշ է ապագային նպատակաուղղվածությունը։ Նա պետք է ոչ միայն պատկերացնի իրեն ապագայում ընդհանուր գծերով, այլև գիտակցի դրված նպատակներին հասնելու միջոցները։ Ինչպես մասնագիտական, այնպես էլ անձնային ինքնորոշումը պատանեկության կենտրոնական նորագոյացությունն է։
Ավարտական դասարանում իրավիճակը դառնում է ավելի լարված։ Կենսական ընտրությունը դառնում է բավական իրական։ Ավագ դպրոցականների մի մասը շարունակում է պահպանել լավատեսական ինքնագնահատականը, այն խիստ բարձր չէ, դրանում ներդաշնակորեն համադրվում են ցանկությունները, հավակնությունները և սեփական հնարավորությունները։ Այլ դպրոցականների ինքնագնահատականը բարձր է և ընդհանուր՝ ընդգրկելով կյանքի բոլոր կողմերը։ Մի մասն էլ առանձնանում է անվստահությամբ։ Նրանց ինքնագնահատականը ցածր է, կոնֆլիկտային։ Ինքնագնահատականի փոփոխությամբ պայմանավորված՝ կարող է ուժեղանալ տագնապայնությունը։
Ընդհանուր առմամբ, կարելի է այս տարիքում խոսել անձի ընդհանուր կայունացման մասին, ավելի շատ է սկսում ընդունել ինքն իրեն, նրա ինքնահարգանքն ընդհանուր առմամբ բարձր է։ Ինտենսիվորեն զարգանում է ինքնակարգավորումը, մեծանում է վարքի, հույզերի նկատմամբ հսկողությունը։ Այս ընթացքում սկսում է զարգանալ անձի բարոյական հաստատունությունը՝ կենտրոնացումը սեփական հայացքների, համոզմունքների վրա։
Այս տարիքում հրաժեշտ են տալիս մանկությանը և հայտնվում հասունության շեմին:
Պատանեկության շրջանում տղաների կյանքում լինում են կտրուկ փոփոխություններ՝ ընդունելություն բարձրագույն ուսումնական հաստատություն, բանակում ծառայություն: Այս տարիքում հաճախ դիտվում է փախուստ հասարակությունից դեպի թմրամիջոցներ, կրոնական խմբավորումներ, շատ կարևոր է ուշադիր լինել, որ այս փախուստը չդառնա գերակա, քանի որ այդ պարագայում մեծանում է ուսումն ու աշխատանքը թողնելու ռիսկը: Փախուստը կարող է լինել անորոշության և դատարկության սրացումից, երբ մանկությունն ավարտվել է, բայց դեռ չի կարողանում գտնել կյանքի իմաստը: Եթե պատանու ապագան հստակություն չունի, ինչպես նաև ձանձրույթի, նոր տպավորությունների փնտրտուքի հետևանքով կարող են հասնել ծայրահեղ ողբերգական դրսևորման՝ ինքնասպանության:
25-33 տարիքային շրջանի ճգնաժամ
Այս շրջանի երկու հակադիր միտումներն են մերձեցումն ու մեկուսացումը։ Մարդը պատրաստ է այնպիսի հարաբերություններ հաստատելու ուրիշների հետ, որոնք պահանջում են սեփական ես-ի անտեսում։ Այդպիսի հարաբերություններից է նախևառաջ ամուսնությունը։ Մյուս կողմից՝ այս փուլի վտանգը մեկուսացումն է, երբ մարդը խուսափում է մերձավոր հարաբերություններ պարտադրող կապերից, քանզի ուրիշի կողմից իր ես-ին ուղղված վտանգ է տեսնում, վախենում է իրեն կորցնելուց, իր հարաբերությունների «տարածքն» ուրիշին հանձնելուց։
Մարդկանց մեծ մասը ճգնաժամ է ապրում նաև մոտավորապես 30 տարեկանում, երբեմն՝ ավելի ուշ: Այն արտահայտվում է սեփական կյանքի մասին պատկերացումների, արժեքների, նպատակների, երազանքների, աշխարհայացքի, միջանձնային հարաբերությունների վերաիմաստավորմամբ, մասնագիտական կողմնորոշման հարցերում կտրուկ փոփոխությամբ։ Թե´տղամարդկանց, թե´ կանանց համար աշխատանքային գործունեությունը խիստ հրատապ է դառնում։ Ձգտում է առաջանում ջնջելու անցած կյանքը և ամեն ինչ նորից սկսելու։ Այս շրջանում մարդը ձգտում է փոփոխությունների անձնական կյանքում՝ ամուսնանալ, երեխաներ ունենալ։ Մյուս կողմից հաճախանում են ամուսնալուծությունները։
30 տարեկանի ճգնաժամն առաջանում է կյանքի ծրագիրը չկատարելու հետևանքով։ Բայց եթե կյանքի ուղին ճիշտ է ընտրված, ապա «որոշակի գործունեությանը, կենսակերպին, արժեքներին և կողմնորոշումներին» կապվածությունը չի սահմանափակում, այլ` ընդհակառակը, զարգացնում է նրա անհատականությունը:
Այս ճգնաժամի հիմնական ախտանշաններն են նախկին արժեքների վերաիմաստավորումը, նպատակների, հետաքրքրությունների փոփոխությունը, անկման, կործանման, հիասթափության զգացողությունը, կասկածները սեփական ես-ի հանդեպ, անլիարժեքության զգացողությունը, ինքնաճանաչմանն ուղղված փնտրտուքը, գերզգայունությունը մասնագիտական առաջխաղացման, երեխաներ ունենալու կամ դաստիարակելու հարցերի նկատմամբ և այլն։
30 տարեկանի ճգնաժամը հաճախ անվանում են կյանքի իմաստի ճգնաժամ։ Հենց այս փուլի հետ է սովորաբար կապվում գոյության իմաստի որոնումը։ Այս որոնումը, ինչպես ամբողջ ճգնաժամն ընդհանրապես, նշանավորում է անցումը երիտասարդությունից հասունություն: