Առողջ հարաբերություններ
Առողջ հարաբերություններ զուգընկերոջ հետ.
առողջ հաղորդակցում, կոնֆլիկտների լուծում:
Առողջ հարաբերություններ սեփական մարմնի հետ:
Հարաբերությունները մարդու ապրելակերպի մաս են և ունեն կարևոր դեր ու նշանակություն։ Յուրաքանչյուր ոք ցանկանում է հարաբերություններում իրեն լավ ու հարմարավետ զգալ: Առողջ հարաբերությունները նպաստում են անձի ինքնագնահատականի բարձրացմանը: Առողջ հարաբերություններ ունենալու կարևոր քայլերից են երկու կողմերի սպասելիքների հստակեցումն ու դրանց համապատասխանեցումը, կարևոր սկզբունքներից է կողմերի պատրաստակամությունը միմյանց լսելու և սեփական մտահոգություններով կիսվելու: Նման հարաբերություններում կողմերի հաղորդակցությունը հիմնված է վստահության և անկեղծության (ազնվության) վրա:
Առողջ հարաբերություններում դու սովորում ես հարգել և վստահել քո կյանքում կարևոր մարդկանց: Իհարկե, անհամաձայնություններն անխուսափելի են: Նման դեպքերում պետք է հանգստություն պահպանել, որը հեշտացնում է հարցի լուծման ճանապարհների ընտրությունը: Տարաձայնությունները հարթելը նպաստում է հարաբերությունների ամրապնդմանը:
Յուրաքանչյուր անձ առանձնահատուկ է․ առողջ հարաբերություն կառուցելու համար չկա մեկ հստակ ճանապարհ, բայց կան մի շարք սկզբունքներ, որոնք կարևոր է հաշվի առնել.
- հարգել դիմացինի անհատականությունը, ընդունել ձեր տարբերություններն ու թույլ տալ դիմացինին լինել ինքնատիպ,
- ապահովել բաց հաղորդակցության և փոխադարձ վստահության անկեղծ միջավայր, որը կտա հնարավորություն քննարկելու մտահոգությունները, արտահայտելու տարբեր կարծիքներ և հավասարապես գնալու փոխզիջումների,
- խոսել միմյանց զգացմունքների, պահանջների ու ցանկությունների մասին,
- փորձել վստահել միմյանց և լինել անկախ,
- պատասխանատվություն կրել սեփական ես-ի համար (հարաբերություններում շատ մեծ դեր ունի պատասխանատվության զգացումը․ անձը, սակայն, չկարևորելով սեփական զգացմունքներն ու կարիքները, հաճախ իր իսկ երջանկության պատասխանատվությունը բարդում է զուգընկերոջ ուսերին),
- կարողանալ ճանաչել սեփական սխալներն ու ընդունել դրանք,
- ստանձնել համաչափ պարտավորություններ,
- հարգել միմյանց կարծիքները, արժեքներն ու սահմանները,
- հաղթահարել բախումները բանական, երկկողմանի համաձայնությամբ և խաղաղ ճանապարհով։
Անառողջ հարաբերությունները կարող են առաջացնել վախի, անհանգստության, ջղայնության և հոգնածության զգացումներ: Անառողջ հարաբերությունների դեպքում կա անարդար հավասարակշռության բաշխում: Դու կարող ես նկատել, որ հարաբերությունների մեջ հիմնականում դու ես ներդնում և ավելի մեծ ուշադրություն ես դարձնում դիմացինին, քան նա՝ քեզ, կամ դու ճնշվածություն ես զգում, որովհետև ունես պարտավորություններ, որոնք քեզ ծանրաբեռնում են կամ ճնշում:
Առողջ հարաբերություններում դու ապահովություն ես զգում և կարող ես վստահել գաղտնիքներդ դիմացինին, նրա հետ ժամանակ անցկացնելու ցանկությունդ մեծ է: Առողջ հարաբերություններում առկա վստահությունն ու հարգանքը շատ կարևոր են ոչ միայն ընտանիքում, ընկերության մեջ, այլև նույնիսկ մեկ ժամադրության ընթացքում: Եթե զգում ես, որ ձեր միջև բացակայում են հաղորդակցությունն ու վստահությունը, ապա հավանաբար ոչ առողջ հարաբերությունների մեջ ես: Կարևոր է նման հարաբերությունները քննարկել մասնագետի հետ, որը կօգնի հասկանալ ինչպես դարձնել դրանք առողջ, կամ արդյոք արժե շարունակել դրանք, թե ոչ․ հնարավոր է՝ նման որոշման համար անհրաժեշտ լինի որոշ ժամանակ:
Անգամ առողջ հարաբերությունները կարող են բարելավման կարիք ունենալ: Հնարավոր է ժամանակի ընթացքում սառնություն զգալ զուգընկերոջ հանդեպ: Նման դեպքերում փորձի՛ր գտնել զվարճալի կամ պարզ մի գործունեություն, որը հաճելի կլինի ձեր երկուսի համար էլ: Օրինակ՝ զբոսնել այգում և թվարկել այն բոլոր պատճառները, որոնք ձեզ միավորում են, օգնում մնալ տվյալ հարաբերություններում:
Այսպիսով՝ առողջ հարաբերություններ կառուցելը պահանջում է մշտական աշխատանք այդ ուղղությամբ․ ցանկացած հարաբերության պարագայում՝ աշխատանքային, ընկերական, ընտանեկան, սիրային, անհրաժեշտ են ժամանակ և ջանք:
Առողջ սիրային հարաբերությունները թույլ են տալիս, անգամ խրախուսում են պահպանել հարաբերություններն ընկերների և բարեկամների հետ, քանի որ դրանք զարգացնում են ձեր հարաբերությունները: Կարևոր է ունենալ իրարից անկախ գործունեություններ (գործողություններ)՝ ժամանց, աշխատանք և այլն, ինչը հետաքրքրություն և թարմություն է բերում հարաբերություններ: Առողջ հարաբերություններում անձը պետք է ազատ արտահայտվելու հնարավորություն ունենա և չվախենա քննադատությունից կամ դրա հետևանքներից: Հարմարավետության, հանգստության և ապահովության զգացումը պետք է նպաստի անձի ինքնարտահայտմանը և զերծ լինի դատողություններից, միևնույն ժամանակ ենթադրի առողջ քննադատություն, սխալների քննարկում և խորհուրդներ դրանց լուծման և շտկման համար: Հարաբերություններում պետք է հարգել միմյանց անձնական տարածքը և առանձնությունը (privacy), օրինակ՝ միայնակ մնալու պահանջը, առանձին օրագիր կամ հեռախոսային ծածկագիր ունենալը և այլն: Յուրաքանչյուր հարաբերության մեջ հնարավոր են տարաձայնություններ ու բախումներ, սակայն առողջ հարաբերություններում կոնֆլիկտները լուծվում են դրանք քննարկելու և միասին որոշումներ կայացնելու միջոցով։ Դա արվում է հանգիստ, ոչ լարված մթնոլորտում, ինչը, իհարկե, պահանջում է որոշակի հմտություններ:
Ինչպե՞ս կառուցել առողջ հարաբերություններ
Դիմացինին ճանաչելու համար նախ և առաջ ժամանակ է պետք․ մինչև առաջին ժամադրությունը փորձե՛ք շփվել տարբեր իրավիճակներում և միջավայրերում, քննարկել միմյանց հետաքրքրությունները: Կարելի է հաճախ զրուցել հեռախոսով կամ առաջին հանդիպումներն անցկացնել հանրային վայրերում և մի քանի ընկերների ներկայությամբ: Փորձե՛ք ծրագրել հետաքրքիր, հաճելի և զվարճալի գործողություններ: Առողջ հարաբերությունների կառուցմանը կարող են նպաստել անկեղծությունը և դիմացինի կարծիքն ու նախասիրություններն ընդունելը․ օրինակ՝ կարելի է քննարկել, թե որ գործողությունները կամ վայրերը ձեզ համար հետաքրքիր չեն կամ առավել ևս տհաճ են։ Նաև կարևոր է քննարկել, թե ինչ սահմանափակումներ ունեք, օրինակ՝ որ ժամին պետք է տուն գնաք և այլն:
Ինչպե՞ս հաղորդակցվել
Թափանցիկ, ազնիվ հաղորդակցությունը պետք է հիմք լինի առողջ հարաբերությունների կառուցման համար:
Առողջ հաղորդակցության համար.
- Ընտրի՛ր ճիշտ պահը/ժամանակը․ եթե քեզ որևէ բան անհանգստացնում է, և ցանկանում ես խոսել դրա մասին, համոզվի՛ր, որ ճիշտ ժամանակ ես ընտրել դրա համար: Լավ գաղափար է նախապես տեղեկացնելը զուգընկերոջը, որ կարևոր խոսակցություն ունես, և համոզվելը, որ երկուսդ էլ զբաղված չեք որևէ կարևոր գործողությամբ: Մի՛ սկսիր այդ խոսակցությունը, եթե համոզված չես, որ դրա համար բարենպաստ ժամանակ է:
- Խոսի՛ր առերես․ Մի՛ հաղորդիր խոսակցությունն այլ մարդու միջոցով: Միշտ պարզաբանի՛ր հարաբերություններն առերես:
- Մի՛ հարձակվիր․ շատ կարևոր է կատարել բառերի ճիշտ ընտրություն, օրինակ՝ երբ ասում եք՝ «դու պետք է…», դա կարող է հնչել պարտադրող կամ մեղադրական, փոխարենը կարելի է ասել՝ «մենք կարող ենք…»:
- Եղի՛ր ազնիվ․ միասին համաձայնությա՛ն եկեք միմյանց հետ ազնիվ լինելու շուրջ: Երբեմն ճշմարտությունը կարող է ցավ պատճառել, բայց այն առանցքային է առողջ հարաբերությունների կառուցման համար: Պետք է ընդունել, որ ոչ մեկը կատարյալ չէ, և շատ բնական է ներողություն խնդրելը սխալի համար:
- Կիրառի՛ր մարմնի լեզու․ պահի՛ր աչքի կոնտակտ զրուցելիս: Զուգընկերը պետք է իմանա, որ իրեն լսում ես և հոգ ես տանում այն խնդրի մասին, որը նա բարձրաձայնում է, միևնույն ժամանակ համոզվի՛ր, որ քեզ լսում են:
- Օգտագործի՛ր 48 ժամվա կանոնը․ եթե զուգընկերդ իրեն որևէ արարք է թույլ տվել, որը քեզ զայրացրել է, պետք է ասել նրան դրա մասին, բայց պարտադիր չէ դա անել նույն պահին: Եթե միջադեպից անցել է 48 ժամ, և դու դեռ վիրավորված ես, անպայման խոսի՛ր և արտահայտի՛ր հույզերդ։
Ինչպե՞ս հաղորդակցվել, եթե զայրացած ես
Զայրույթը բնական և հաճախ հանդիպող զգացողություն է հարաբերություններում: Եթե զայրույթ ես զգում զուգընկերոջդ հանդեպ, պետք է.
- դադար տալ․ եթե զայրացած ես որևէ բանի վրա, շատ կարևոր է դադար տալն ու մտածելը:
- մտածել․ երբ հայտնվել ես որևէ տհաճ իրավիճակում, ժամանակ հատկացրու՛ իրավիճակի և դրա առաջացման պատճառների մասին մտածելուն:
- խոսել․ պետք է խոսել ստեղծված իրավիճակի մասին, քանի որ չքննարկված հարցերը և չարտահայտված զայրույթը թողնում են իրենց հետքը հարաբերությունների վրա։
- լսել․ երբ արդեն ավարտել ես զգացմունքներիդ մասին խոսելը, զուգընկերոջդ նույնպես արտահայտվելու ժամանակ տու՛ր: Երկուսդ էլ իրավունք ունեք հայտնելու ձեր դիրքորոշումներն ու զգացմունքները անվտանգ և առողջ միջավայրում:
Հարգանք
Առողջ հարաբերությունների կառուցման տեսանկյունից հարգանքը շատ կարևոր նախապայման է: Անկախ նրանից, թե որքան ժամանակ եք շփվում, միշտ հիշե՛ք, որ յուրաքանչյուր անձ արժանի է հարգալից վերաբերմունքի: Պետք է հարգանքով մոտենալ այն անձին, ում հետ որոշել ես հարաբերություններ կառուցել։ Հարգանքը կարող է կառուցվել հարաբերությունների զարգացման ընթացքում՝ դիմացինին ճանաչելուն զուգընթաց, սակայն հարաբերության կառուցման հենց առաջին օրվանից պետք է հարգել դիմացինի անհատականությունը, նրա ինքնուրույնությունը, որոշումներ կայացնելու ունակությունը, աշխարհայացքն ու զգացմունքները։
Ինչպե՞ս կառուցել փոխադարձ հարգանք հարաբերություններում
Հարգանքի կառուցումը հարաբերություններում աստիճանաբար է լինում: Սակայն ինչպե՞ս հասկանալ՝ կարելի է վստահել այս կամ այն մարդուն, թե ոչ: Սա բավական դժվար է, հատկապես հարաբերությունների կառուցման սկզբնական փուլում, սակայն այդ մարդու վարքը կարող է ուղենիշ ծառայել տարբեր իրավիճակներում: Առողջ հարաբերություններում զուգընկերների համար շատ կարևոր է վստահել միմյանց: Հարգանքը չի կարող կառուցվել միայն մեկ կողմի ցանկությամբ կամ պատրաստակամությամբ: Այն պահանջում է փոխադարձ պարտավորություններ: Երբ ձևավորում եք հարաբերություններ, շատ կարևոր է հասկանալ.
- Արդյո՞ք զուգընկերդ քեզ հետ է․ խոսքը և՛ ֆիզիկական, և՛ հոգևոր ներկայության մասին է: Արդյո՞ք ձեզ կապում են աջակցող հարաբերություններ, արդյո՞ք նա անհանգստանում է քո խնդիրների համար:
- Արդյո՞ք զուգընկերդ հետևողական է. հարգանքի առավել նկատելի ցուցանիշ է, երբ զուգընկերը հետևողական է իր գործողություններում:
- Արդյո՞ք զուգընկերդ ասում է այն, ինչ մտածում է, և անում այն, ինչ ասում է. արդյո՞ք նրա խոսքն ու վարքը համընկնում են:
Եթե նախկինում վստահելի հարաբերությունները ձախողվել են, ինչպե՞ս կարելի է նորից վստահել
Եթե նախկինում ունեցել ես վստահելի հարաբերություններ կառուցելու բացասական փորձ, շատ կարևոր է հիշել, որ նոր անձը մեղավոր չէ դրա համար: Ուրիշներին վստահելու կարևոր նախապայման է, որ անձը սովորի ինքն իրեն վստահել, մասնավորապես երբ ունի ուրիշներին վստահելու բացասական փորձ: Պետք է հիշել, որ այն անձը, ով չարաշահել է քո վստահությունը նախկինում, ինքն է կատարել այդ ընտրությունը, և դու պատասխանատու չես նրա գործողությունների կամ որոշումների համար:
Սահմանների ուրվագծում
Առողջ հարաբերությունների կառուցման տեսանկյունից շատ կարևոր է հասկանալ միմյանց ցանկությունները, նպատակները, վախերը և սահմանափակումները: Դու պետք է ունենաս քո ակնկալիքներն ու ցանկություններն արտահայտելու իրավունք՝ առանց վախենալու դիմացինի արձագանքից:
Քո սահմանների մասին զուգընկերոջդ հետ խոսելը կարևոր քայլ է, որը կապահովի հետագա անվտանգությունդ միջանձնային հարաբերություններում: Սահմաններ ուրվագծելիս կարևոր է հաշվի առնել հետևյալը.
- Հստակ սահմանի՛ր, թե որոնք են քո նպատակները հարաբերություններ կառուցելիս, և իրազեկի՛ր դրանց մասին զուգընկերոջդ:
- Ձեզնից յուրաքանչյուրը պետք է ունենա իր ազատ ժամանակը տնօրինելու իրավունք:
- Մի՛ շտապիր, եթե դեռ պատրաստ չես: Առողջ հարաբերություններում երկու կողմերն էլ գիտեն, թե ինչ ակնկալիք ունեն միմյանցից, և մշտապես հաղորդակցվում են, եթե որևէ բան փոխվում է:
- Մի՛ վերցրու քեզ վրա պարտավորություններ, որոնց պատրաստ չես: Օրինակ՝ երբ ստանում ես որևէ թանկարժեք նվեր զուգընկերոջիցդ, դա չի նշանակում, որ ստիպված ես փոխարենը որևէ բան անել:
Առցանց տիրույթ
Շատ դժվար է զանազանել հարաբերությունների բնույթը, երբ այն առցանց տիրույթում է: Նախքան առցանց հարաբերություններ սկսելը շատ կարևոր է հստակեցնել առցանց սահմանները. արդյո՞ք ընդունելի է, որ.
- քեզ նշեն (tag անեն),
- հրապարակվեն հարաբերությունների մասին տեղեկություններ,
- քո ընկերները դառնան նրա ընկերները,
- իմանաք միմյանց գաղտնաբառերը:
Առցանց տիրույթում սահմաններ ուրվագծելիս շատ կարևոր է հաշվի առնել.
- գաղտնաբառերի գաղտնիությունը․ մշտապես պահպանի՛ր առցանց անվտանգությունը, անգամ եթե ձեր միջև վստահելի հարաբերություններ են:
- անձնական տեղեկատվական նյութերի փոխանակման ռիսկերը․ պետք է հաշվի առնել, որ թեև ձեր հարաբերություններն առողջ ու վստահելի են, այնուամենայնիվ, երբեք չես կարող համոզված լինել, թե դիմացինն ինչպես կարող է վարվել քո անձնական տեղեկությունների և գաղտնիքների հետ: Պետք է փորձել զգույշ լինել և պահպանել որոշակի սահմաններ: Այս ռիսկերը կրկնապատկվում են, երբ խոսքը մերկ լուսանկարների փոխանակման մասին է: Հիշի՛ր, որ նկարը կամ նյութն ուղարկելուց հետո դու կարող ես մի քանի րոպեի ընթացքում ջնջել այն կամ նախապես վայրկյանների ժամանակաչափ սահմանել, որից հետո նյութը կամ նկարը կանհետանա:
Կոնֆլիկտների հաղթահարումն առողջ հարաբերություններում
Կոնֆլիկտների առկայությունը հարաբերություններում բնականոն երևույթ է: Կոնֆլիկտ ասելով՝ հասկանում ենք վերբալ անհամաձայնություն և հակափաստարկների առաջադրում: Մարդիկ արտահայտում են իրենց անհամաձայնությունը, և դա բնական է: Կոնֆլիկտների արդյունավետ լուծումը հարաբերություններում նպաստում է առողջ հարաբերությունների ձևավորմանը: Սակայն եթե կոնֆլիկտը հաճախակի երևույթ է հարաբերություններում, դա կարող է լինել ցուցանիշ, որ հարաբերությունները խնդրահարույց են: Կոնֆլիկտների հաղթահարման տեսանկյունից շատ կարևոր է.
- Սահմանների հստակեցումը․ անգամ կոնֆլիկտի ժամանակ շատ կարևոր է հարգալից հարաբերությունների պահպանումը, սակայն կարևոր է նաև նախնական սահմանների կառուցումը, ինչը դիմացինին թույլ կտա հասկանալ քո ակնկալիքները:
- Իրական պատճառը գտնելը․ սովորաբար կոնֆլիկտներ լինում են, երբ զուգընկերներից մեկի պահանջմունքները չեն բավարարվում: Սովորի՛ր և զարգացրո՛ւ քո մեջ խոսելու կարողությունը, որը թույլ կտա բացահայտել կոնֆլիկտի իրական պատճառը:
- «Համաձայնի՛ր, որ չհամաձայնես»․ եթե չես կարողանում լուծել խնդիրը, երբեմն ավելի արդյունավետ է ուղղակի փոխել վերաբերմունքդ տվյալ խնդրի նկատմամբ: Սակայն եթե խնդիրն իսկապես կարևոր է քեզ համար, և չես կարող մոռացության մատնել այն և համաձայնության գալ, ապա պետք է վերանայես հարաբերություններդ:
Փոխզիջումները․ երբեմն փոխզիջումների գնալն ավելի հեշտ է ներկայացնել, քան իրականացնել, սակայն փոխզիջումների գնալը կոնֆլիկտների հաջող լուծման գրավականն է: Շատ կարևոր է, որ երկու կողմերն էլ բավարարված զգան իրավիճակի հանգուցալուծումից:
Կոնֆլիկտների հաղթահարումը բռնարար հարաբերություններում
Թեև կոնֆլիկտը բնական երևույթ է հարաբերություններում, քո փաստարկները չպետք է վերածվեն անձնային հարձակումների կամ արժանապատվության նվաստացման: Հիշի՛ր, որ բռնարար հարաբերությունների կարևոր ցուցիչներից է այն, որ զուգընկերը փորձում է վերահսկել, նվաստացնել կամ մանիպուլյացիայի ենթարկել քեզ:
Առողջ հարաբերություններ սեփական մարմնի հետ:
Սեռական հասունացումը յուրաքանչյուր մարդու կյանքում առանցքային փուլ է, հատկապես ֆիզիկական զարգացման և արտաքին տեսքի փոփոխության հետ կապված: Սեռական հասունացման ընթացքում սեփական մարմինն ընդունելը կարող է դժվար լինել և կարող է առաջացնել բազմաթիվ հույզեր և հարցեր:
Սեռահասունացումը սովորաբար սկսվում է դեռահասության առաջին տարիներից և ներառում է ֆիզիկական և էմոցիոնալ մի շարք փոփոխություններ: Դրանք լինում են հորմոնների ազդեցության տակ. փոխվում են մարմնի չափերը, ի դեպ՝ անհամամասնորեն, սեռական օրգանների չափերը, մարմինը ծածկվում է մազերով (մարմնի որոշ հատվածներում՝ ավելի ընդգծված), ձայնը կոշտանում է, մկանները զարգանում են: Ըստ ուսումնասիրությունների՝ սեռական հասունացումը կարող է տևել երկուսից հինգ տարի։
Առողջ հարաբերություններ սեփական մարմնի հետ, այն ընդունելու գործընթացը
Սեռական հասունացումը յուրաքանչյուր մարդու կյանքում առանցքային փուլ է, հատկապես ֆիզիկական զարգացման և արտաքին տեսքի փոփոխության տեսանկյունից: Սեռական հասունացման ընթացքում սեփական մարմինն ընդունելը կարող է դժվար լինել և կարող է առաջացնել բազմաթիվ հույզեր և հարցեր:
Սեռահասունացումը սովորաբար սկսվում է դեռահասության առաջին տարիներից և ներառում է ֆիզիկական և էմոցիոնալ մի շարք փոփոխություններ: Դրանք լինում են հորմոնների ազդեցության տակ. փոխվում են մարմնի չափերը (ի դեպ՝ անհամամասնորեն), սեռական օրգանների չափերը, մարմինը ծածկվում է մազերով (մարմնի որոշ հատվածներում՝ ավելի ընդգծված), ձայնը կոշտանում է, մկանները զարգանում են: Ըստ ուսումնասիրությունների՝ սեռական հասունացումը կարող է տևել երկուսից հինգ տարի։
Սեփական մարմինն ընդունելը ինքնորոշման և առողջ ապրելակերպի կարևոր մասն է:
Առաջին անգամ երեխան բախվում է սեփական մարմինն ընդունելու դժվարությունների դեռահասության տարիքում, երբ մարմնում սկսվում են փոփոխությունները: Սեռական հասունացման ընթացքում սեփական մարմինն ընդունելու գործընթացը կարող է դժվար լինել տղաների համար: Հետազոտությունները ցույց են տալիս, որ այս փուլում դեռահասները կարող են դժգոհել իրենց մարմնից՝ համեմատելով այն գեղեցկության և ֆիզիկական արտաքինի իդեալական չափանիշների հետ, որոնք հաճախ ներկայացվում են ԶԼՄ-ներում: Դեռահասների շրջանում մարմնից դժգոհության մակարդակը մեծանում է սեռական հասունացման ժամանակ:
Սեփական մարմինն ընդունելն այս տարիքում ունենում է նաև գենդերային առանձնահատկություններ: Տղամարդիկ կարող են բախվել առնականության, ֆիզիկական ուժի և արտաքինի հետ կապված հարցերի ու ակնկալիքների: Այս ընդունված պատկերացումներն ու սպասելիքներն ավելի են սրում տղաների դժգոհությունն իրենց մարմնից, քանի որ այս տարիքում դժվար է համապատասխանել ընդունված և տարածված չափանիշներին: Նրանց վրա ազդում են նաև ժամանակակից հասարակության մեջ տարածված բազմաթիվ առասպելներ ու կարծրատիպեր, որոնք բացասաբար են անդրադառնում տղամարդկանց ինքնագնահատականի վրա: Ամենատարածված կարծրատիպերից մեկը վերաբերում է տղամարդու առնանդամի չափին և այս տարիքի տղամարդկանց մեջ առաջացնում է մրցակցության, նաև անինքնավստահության զգացողություն: Շատ տղամարդիկ անհանգստություն են զգում իրենց առնանդամի չափի համար և դա կապում են զուգընկերոջ բավարարվածության զգացողության հետ: Այնուամենայնիվ, ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ առնանդամի չափն ուղղակիորեն չի ազդում զուգընկերոջ սեռական բավարարվածության վրա: Զուգընկերների բավարարվածության վրա ազդող հիմնական գործոններն են հաղորդակցությունը, հուզական կապը, սեռական հարաբերություններում հմտությունները և զուգընկերոջ հետ համատեղելիությունը: Հետևաբար կարևոր է գիտակցել, որ սեռական հարաբերություններում առնանդամի չափը որոշիչ գործոն չէ: Ուսումնասիրությունները ցույց են տվել նաև, որ տղամարդկանց սեռական բավարարվածության մակարդակը ևս կախված չէ առնանդամի չափից, էրեկցիայից կամ սեռական ակտի տևողությունից։ Փոխարենը այնպիսի գործոններ, ինչպիսիք են էմոցիոնալ կապը զուգընկերոջ հետ, գրգռվածության մակարդակը և սեռական հարաբերության ընթացքում հաղորդակցումը, ավելի մեծ ազդեցություն ունեն բավարարվածության վրա:
Սեփական մարմինն ընդունելը աստիճանական գործընթաց է, որը կարող է ժամանակ և աջակցություն պահանջել: Ծնողները, մանկավարժները և առողջապահության ոլորտի մասնագետները կարող են կարևոր դեր խաղալ նպաստավոր միջավայր ստեղծելու հարցում, որտեղ դեռահասները կարող են զարգացնել սեփական մարմնի վերաբերյալ դրական պատկերը և ընդունել իրենց այնպիսին, ինչպիսին իրենք կան:
Ահա մի քանի խորհուրդներ, որոնք երիտասարդներին կարող են օգնել ընդունել իրենց մարմինը սեռական հասունացման ժամանակ.
- Կրթություն և տեղեկացվածություն․ ծանոթացի՛ր սեռական հասունացման ընթացքում քո մարմնում տեղի ունեցող ֆիզիկական փոփոխություններին: Իմացի՛ր, որ դրանք զարգացման բնականոն և անխուսափելի մաս են: Կրթությունը կօգնի մեղմել ֆիզիկական փոփոխությունների հետ կապված որոշ կասկածներ և անհանգստություններ:
- Մարմինների բազմազանություն․ հիշի՛ր, որ յուրաքանչյուր մարմին յուրահատուկ է: Համեմատելով սեփական մարմինդ այլ մարդկանց մարմինների հետ՝ դու կմեծացնես լարվածությունդ, քանի որ չկան միանման մարմիններ և լավագույն չափանիշներ: Այս տարիքում կարևոր է կենտրոնանալ սեփական ուժերի, առավելությունների և որակների, այլ ոչ թե արտաքին տեսքի վրա:
- Դրական վերաբերմունք․ վերաբերվի՛ր ինքդ քեզ սիրով և հարգանքով: Դո՛ւրս բեր քեզ համար քո դրական հատկանիշներն ու ձեռքբերումները՝ թերությունների վրա կենտրոնանալու փոխարեն: Ինքնասիրությունը կօգնի բարձրացնել ինքնագնահատականդ և բարելավել վերաբերմունքդ սեփական մարմնի հանդեպ:
- Առողջ ապրելակերպ. հո՛գ տար մարմնիդ մասին, մարզվի՛ր և հետևի՛ր սննդակարգիդ: Առողջ ապրելակերպը կարող է օգնել ավելի հարմարավետ և գոհ զգալ:
- Աջակցության համակարգ․ կարևոր է շփումը ընկերների, ընտանիքի կամ այլ երիտասարդների հետ, որոնք նույնպես սեռական հասունացման շրջանում են, խոսելը միևնույն զգացմունքների, փորձառությունների և անհանգստությունների մասին թե՛ հասակակիցների և թե՛ այն մեծահասակների հետ, որոնք կհասկանան քեզ և կկարողանան օգնել ընդունել սեփական մարմինդ:
- Մասնագետի օգնություն․ եթե մարմինդ ընդունելու լուրջ խնդիրներ ունես՝ դժբախտ ես զգում կամ փորձում ես վնասել քեզ, խորհուրդ է տրվում դիմել հոգեբանի կամ այլ որակավորված մասնագետի օգնությանը:
Հիշի՛ր, որ սեփական մարմինն ընդունելը գործընթաց է, որը կարող է ժամանակ պահանջել: Պետք է լինես համբերատար ինքդ քո հանդեպ և հիշես, որ արժանի ես սիրո և հարգանքի՝ անկախ քո արտաքինից և ֆիզիկական փոփոխություններից։